29/08/2022 14:20
Երբ և ինչու ապահովագրական ընկերությունը կարող է կիրառել հետադարձ պահանջի իրավունքը․ խորհուրդներ ապահովագրողից
Յուրաքանչյուրի շրջապատում կլինեն վարորդներ, որոնք պատահարից հետո խիստ տհաճ ու անցանկալի իրավիճակում են հայտնվել՝ ստիպված լինելով իրենց նկատմամբ կիրրառված հետադարձ պահանջով ապահովագրական ընկերությանը վճարել այն գումարը, որը որպես փոխհատուցում տրվել է անմեղ ճանաչված վարորդին։ Ինչու՞ է այսպես լինում։
ԱՊՊԱ պայմանագիրը ենթադրում է կնքող կողմերի համար սահմանված որոշակի իրավունքներ և պարտավորություններ, որ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նախատեսված են պատասխանատվության ենթարկելու միջոցներ։ Դրանցից է հետադարձ պահանջի իրավունքը, որով ապահովագրական ընկերությունը կարող է պարտավորություններ ստանձնած հաճախորդից գանձել անմեղ ճանաչված կողմին որպես փոխհատուցում տրված գումարը, եթե մեղավոր կողմը խախտել կամ ոչ պատշաճ է կատարել պայմանագրով սահմանված իր պարտավորությունները։
«Նաիրի ինշուրանս» ընկերության «Զանգերի կենտրոնի» ղեկավար Լիանա Հախվերդյանը ներկայացնում է այն դեպքերը, երբ ապահովագրական ընկերությունն իրավունք ունի հաճախորդից գումար գանձել։
Այսպիսով՝
Հետադարձ պահանջի (սուբրոգացիա) հիմք է, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում` պատահարից հետո 40 րոպեի ընթացքում ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին։ Ըստ «Զանգերի կենտրոնի» ղեկավարի՝ եթե պատահարի ընթացքում արձանագրվում են մարմնական վնասվածքներ և պատահարից հետո երեք ժամվա ընթացքում պատահարի մասնակցին տեղափոխում են հիվանդանոց, այս դեպքում պատահարի մասին թույլատրելի է տեղեկացնել երեք օրվա ընթացքում, եթե պատահարի հետևանքով արձանագրվում է մահ, ապա՝ 30 օրում։ Եթե վերջին երկու հիմնավորումները չկան, ապա ապահովագրական ընկերությանը պատահարի մասին պետք է տեղեկացնել 40 րոպեի ընթացքում, 41-րդ րոպեն հիմք է հետադարձ պահանջի կիրառման համար։
Լիանա Հախվերդյանն ասում է՝ հաճախ ծանուցման ժամանակահատվածի հետ կապված թյուրիմացություն, խնդիրներ առաջանում են, երբ պատահարի կողմերից մեկը կարծելով, թե անմեղ է, պատահարի մասին չի տեղեկացնում ապահովագրական ընկերությանը։ Ըստ Հախվերդյանի՝ այդպես թույլատրելի է, եթե պարզեցված ընթացակարգով է կարգավորվում պատահարը, մինչդեռ, եթե ոստիկանության կողմից է արձանագրվել պատահարը, հնարավոր է՝ հետագայում նշանակվեն փորձաքննություններ և ենթադրյալ անմեղ համարվող կողմը ճանաչվի մեղավոր։ Ապահովագրական ընկերությանը վերոնշյալ ժամանակահատվածում պատահարի մասին չտեղեկացնելու պատճառով հաճախորդի հանդեպ կիրառվում է հետադարձ պահանջ։
Եթե պատահարը տեղի է ունեցել ալկոհոլի, թմրանյութի կամ հոգեմետ դեղերի ազդեցությամբ վարելու ընթացքում, ապա օրենքով սահմանված կարգով այս դեպքում ևս ապահովագրական ընկերությունն իրավունք ունի հետադարձ պահանջ կիրառել։
Հետադարձ պահանջ կիրառվում է նաև եթե՝
• Վարորդն առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց։ Հետադարձ պահանջի հիմք է նաև, երբ ապահովագրական ընկերությունում որպես վարորդ ներկայանում է մեկ անձ, բայց պարզվում է, որ իրականում պատահարի պահին այլ անձ է վարել մեքնենան։
• Եթե ապահովագրական պատահարի պահին վարորդը չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից․ այն հանգամանքը, որ մեքենա վարողն ունի վարորդական իրավունք, բայց պատահարի պահին իր մոտ չէ վկայականը, հիմք չէ հետադարձ պահանջի կիրառման։ Լիանա Հախվերդյանը հիշեցնում է՝ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս պարտադիր փաստաթուղթ էր նաև վարորդական իրավունքը, մինչդեռ հիմա բավարար են միայն սեփականության վկայականը, մեքենայի տեխանձնագիրը։ Այսինքն՝ եթե մեքենան վթարվել է վարորդական իրավունք չունեցողի պատճառով, պատասխանատվությունը մեքենայի սեփականատիրոջն է։
• ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ապահովագրական ընկերությանը սուտ տեղեկություններ հայտնելը ևս համարվում է հիմք հետադարձ պահանջի կիրառման։ Լիանա Հախվերդյանը պարզաբանում է՝ ժամանակին, երբ ապահովագրավճարի չափը որոշվում էր ըստ տրանսպորտային միջոցի շահագործման նպատակի, հաճախ՝ օրինակ տաքսու վարորդները նշում էին, որ մեքենան վարելու են անձնական նպատակներով։ Պատահարից հետո կեղծիքը բացահայտելու դեպքում կիրառվում է հետադարձ պահանջ։
Ըստ «Նաիրի ինշուրանս» ընկերության «Զանգերի կենտրոնի» ղեկավարի՝ եթե պատահարը տեղի է ունենում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի, այս դեպքում նույնպես կիրառվում է հետադարձ պահանջ։ Այսինքն՝ եթե մեղավոր վարորդը պատահարի պահին չի ունեցել գործող ԱՊՊԱ պայմանագիր, անձի պատասխանատվությունն ապահովագրված չէ, ապա տուժող կողմին հատուցում է Ապահովագրողների բյուրոն։ Այս դեպքում մեղավոր կողմի հանդեպ հետադարձ պահանջ նույնպես կիրառում է Ապահովագրողների բյուրոն։
Եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում, ապա նույպես կիրառվում է հետադարձ պահանջ։
Լիանա Հախվերդյանն ասում է՝ հետադարձ պահանջի իրավունքը ոչ թե վարորդներին ֆինանսական անհարմարություն պատճառելն է, այլ պատասխանատվություն, կարգապահություն խթանելը, վարորդի և շրջապատողների անվտանգությունը խրախուսելը։
«Նաիրի ինշուրանս» ընկերության «Զանգերի կենտրոնի» ղեկավարը կարևորում է պայմանագիր կնքելիս բավարար ուշադրությամբ պայմանագրի կետերին, հղումներին ծանոթանալը՝ սեփական իրավունքներին և պարտավորություններին տեղյակ լինելու, իրազեկվածության շնորհիվ հնարավոր խնդիրները կանխելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։