29/08/2022 19:38
Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ․ Հիվանդությունը դրսևորվում է 30-60 տարեկանում
Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշը ախտանիշային համալիր է, որը բնութագրվում է տասներկումատնյա աղիքի և ստամոքսի պեպտիկ խոցերի տեսքով, որոնք չեն ենթարկվում ստանդարտ հակախոցային թերապիայի:
Առաջացման պատճառները.
Գաստրին արտադրող ուռուցքը (գաստրինոմա), որպես կանոն, տեղայնացված է ենթաստամոքսային գեղձում (դեպքերի 85%)։ 15% դեպքերում ուռուցքը հայտնաբերվում է ստամոքսում կամ տասներկումատնյա աղիքում։ Բնութագրվում է գաստրինի (ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի G-բջիջների կողմից արտադրվող հորմոն) ավելացմամբ, որն ակտիվացնում է ստամոքսի կողմից մեծ քանակությամբ աղաթթվի արտազատումը։
Առավել հաճախ այս հիվանդության սկզբնական դրսևորումները տեղի են ունենում 30-60 տարեկանում։
Հիվանդության մասին կարելի է կասկածել, եթե ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները.
Գիշերային ցավեր որովայնի վերին հատվածում՝ ինչպես տասներկումատնյա աղիքի և ստամոքսի խոցերի դեպքում, սակայն, ի տարբերություն նրանց, շատ համառ են, ավելի ինտենսիվ և չեն արձագանքում ստանդարտ հակախոցային թերապիային:
Այրոց և փորկապություն․ Շատ հիվանդներ ունենում են էզոֆագիտ՝ երբեմն կերակրափողի նեղացման ձևավորմամբ:
Հնարավոր է քաշի զգալի կորուստ։
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր, որոնք ենթակա չեն բուժման՝ նույնիսկ երկարատև բարդ թերապիայի դեպքում:
Այս նշաններից մեկը կամ մի քանիսը հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։ Մասնագետը կգնահատի իրավիճակը և կնշանակի լրացուցիչ հետազոտություն։
Ախտորոշում.
Էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվում է խոցը, որը չի տարբերվում սովորական տասներկումատնյա աղիքի խոցից և ստամոքսի խոցից։
Լաբորատոր ախտորոշումը ենթադրում է արյան շիճուկում գաստրինի մակարդակի ուսումնասիրություն:
Ստամոքսահյութի թթվայնության ուսումնասիրություն՝ օգտագործելով ստամոքսի pH-մետրիան: Իսկ ուռուցքի տեղայնացման նույնականացումը կատարվում է համակարգչային տոմոգրաֆիայի և էնդոսոնոգրաֆիայի միջոցով:
Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի խնդրի լուծումն իրականացվում է գաստրոէնտերոլոգների, էնդոկրինոլոգների և վիրաբույժների համատեղ ջանքերով։
Ժամանակին այցը բժշկին, կօգնի ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և ընտրել բուժման հստակ մարտավարություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։