29/08/2022 18:42
Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում
Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի հետ կապը նոր երթուղով` Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, իրականացնել օգոստոսի 30-ից, ժամը 20։00-ից։
«Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,–ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով` ճանապարհը սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության առումով որևէ խնդիր չպետք է լինի։