29/08/2022 18:29
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:
Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
Նախապատրաստվելով այդ առաջնությանը՝ թիմն օգոստոսի 10-ից վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել է Վրաստանի Գորի քաղաքում:
Գոռ Կարապետյանն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկանում հաղթանակի է հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հաղթել է Նիդերլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ է տարել արդեն ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել սերբ մրցակցից:
Եզրափակչում Գոռ Կարապետյանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: