30/08/2022 10:14
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Սուրեն Պապիկյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը և կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ Սուրեն Պապիկյանը. ռոտացիոն կարգով պետք է փոխվի նախագահը՝ ըստ ՔՊ կանոնադրության: և, ահա, Ավինյանը, կարծես թե, իր առանձին թիմն է ձևավորել ու թեժ պայքարում է նախագահի կարգավիճակի համար՝ կանգ չառնելով ոչնչի առջև:
Պարզ չէ՝ նրա հանդուգն պահվածքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է, թե ինքնագործունեություն: Հավելենք, որ ՔՊ-ի վարչության կազմում տեղ գտնելու համար թեժ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը պարտադիր մասնակցում է բոլոր միջոցառումներին, շրջում մարզերով: Նրա հետ մեկտեղ ակտիվ են նաև Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը, որոնք Նիկոլ Փաշինյանի աչքին երևալու համար անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ: Հավելենք, որ, համագումարին ընդառաջ, նոր զարգացումներ կարող են լինել, քանի որ վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել է համապատասխանաբար 48 և 16 թեկնածու։
Ասել է թե՝ մրցակցությունը շատ մեծ է, բայց, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի կամքից է կախված՝ ով «կընտրվի» վարչության կազմում և ով կմերժվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում