30/08/2022 13:42
Ընդդիմությունը կմասնակցի սեպտեմբերի 2-ին Արցախում կայանալիք միջոցառումներին.ՔՊ-ն դեռ որոշում չունի
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կմեկնեն Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված միջոցառումներին, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռևս որոշում չունի.
«Սեպտեմբերի 2 ին ԼՂ Հանրապետության հռչակման օրը, իհարկե, ֆրակցիայի մեր ներկայացուցիչները լինելու են Արցախում։ Մենք պարբերաբար ենք այցելում Արցախ, ինքս էլ օրեր առաջ մեր մի քանի պատգամավոր գործընկերների հետ եղել ենք Աղավնոյում, Ստեփանակերտում մի շարք հանդիպումներ ունեցել։ Հիշեցնեմ նաեւ, որ Հանրապետության հռչակման օրվան նվիրված նաեւ սեպտեմբերի 2 ին Ֆրանսիայի հրապարակում ենք մեծ հանրահավաք անելու»,-«Փաստինֆո»-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ ասաց՝ հաշվի առնելով, որ այդ օրը և՛ Երևանում և՛ Ստեփանակերտում նախատեսված են հանրահավաքներ, խմբակցության պատգամավորների մի մասը կմասնակցի Երևանի հանրահավաքին, իսկ մյուս մասը, ինչպես նաև «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, կլինեն Ստեփանակերտում.
«Ես նույնպես մեծ սիրով կմեկնեի Ստեփանակերտ, բայց Երևանի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեմ»,-հավելեց Մամիջանյանը:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ մեզ փոխանցեց, որ իրենց խմբակցությունը դեռ որոշում չունի.
«Որոշում ունենալուն պես կտեղեկացնեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի օրվա առիթով, Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների նախաձեռնությամբ տեղի կունենա հանրահավաք: Ժամը 17:30-ին Ստեփանակերտի Ազատության հրապարակից քայլերթ կանեն, 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում՝ հանրահավաք:
Նույն օրը հանրահավաք է լինելու նաև Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում: