31/08/2022 20:12
Երեխայի անվտանգ քունը․ Խորհուրդներ մանկաբույժից
Հետազոտողները համոզված են, որ նորածինների հանկարծակի մահվան համախտանիշը (ՆՀՄՀ) կապված է ուղեղի՝ շնչառությունը կարգավորող կենտրոնների խանգարման հետ, որոնք դրդվում են քնած ժամանակ:
Անհնար է ասել, թե որ նորածիններն են խոցելի, այդ պատճառով էլ կյանքի առաջին տարում մեջքի վրա քնելը ամենաանվտանգ դիրքն է բոլոր երեխաների համար:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկաբույժ Անահիտ Զոհրաբյանի հետ՝ հասկանալու երեխայի անվտանգ և առողջ քնի գաղտնիքները։
Մանկաբույժի համոզմամբ ՆՀՄՀ-ի կանխարգելման երաշխավորված միջոց չկա, բայց ծնողները կարող եք օգնել երեխային քնել ավելի ապահով՝ հետևելով մի քանի պարզ խորհուրդների.
Քնել երեխայի հետ նույն սենյակում, բայց ոչ նույն անկողնում․ Ծնողի հետ նույն սենյակում քնելը՝ ծնողի մահճակալին մոտ, պարտադիր է մինչև առնվազն 6 ամսական, բայց երեխան պետք է առանձին անկողնում քնի։ Եթե ունեք երկվորյակներ, ապա յուրաքանչյուր երեխայի հատկացրեք առանձին մահճակալ։
Քնելու անվտանգ վայր․ Օրորոցն ու ներքնակը պետք է լինեն սերտիֆիկացված և լավ աշխատանքային վիճակում: Երեխայի օրորոցում ավելորդ իրեր չպետք է լինեն (խաղալիքներ՝ հատկապես փափուկ): Օրորոցի ճաղերի միջև հեռավորությունը պետք է լինի 6-7 սմ։
Կարող եք օգտագործել շարժական առջևի պատով մահճակալներ և դրանք ամրացնել ձեր մահճակալին: Բայց համոզվեք, որ ձեր և փոքրիկի մահճակալի միջև բաց տարածություն չկա: Ներքնակը պետք է լինի ճիշտ չափի և ամուր՝ ծածկված լավ ձգված սավանով։
Օրորոցի համար խորհուրդ չի տրվում օգտագործել բարձեր․ երեխան կարող է թաղել իր դեմքը դրանց մեջ: Հատկապես վտանգավոր են շատ հաստլիկ կողային բարձիկները, ավելի լավ է օգտագործել միայն հարթ ներքնակը:
Երեխայի քնած հատվածում չպետք է կախված լինեն պարաններ և էլեկտրական լարեր:
Տանը քնելու համար խորհուրդ չի տրվում օգտագործել մանկական ճոճանակներ կամ բարձր աթոռներ․ եթե երեխան քնում է, ապա տեղափոխեք նրան օրորոց։
Քնել մեջքի վրա․ Մինչև 1 տարեկանը, միշտ երեխային մեջքի վրա պառկեցրեք։ Այս դիրքն ամենաանվտանգն է։ Փորի վրա քնելը անվտանգ չէ, հնարավոր է, որ երեխայի շնչուղիները խցանվեն: Կողքի վրա քնելը նույնպես անվտանգ չէ, քանի որ այս դիրքից երեխան կարող է հեշտությամբ գլորվել ստամոքսի վրա։
Խորհուրդ է տրվում կերակրել կրծքով․ Բացառապես կրծքով սնուցումը առաջիկա 6 ամսվա ընթացքում, նվազեցնում է ՆՀՄՀ-ի վտանգը:
Օգտագործել ծծակ․ Երեխային կարելի է ծծակ առաջարկել քնելուց առաջ և քնի ժամանակ։ Եթե ծծակն ընկել է, պետք չէ վերադարձնել այն երեխային: Մի կախեք ծծակը երեխայի վզից։ Երեխային ծծակ կարելի է առաջարկել 4-6 շաբաթականից ոչ շուտ։
Հավելենք նաև, որ կան բազմաթիվ սարքեր, որոնք կարող են նվազեցնել ՆՀՄՀ-ի վտանգը (տնային սրտանոթային մոնիտորներ, մանկական մոնիտորներ և այլն):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։