31/08/2022 13:33
Պատերազմի ընթացքում անփութություն դրսևորել է ՀՀ իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ. Օհանյան
ՀՀ հանրության համար նորություն չէ, որ այս իշխանությունների գործողությունները թատերական շոու են։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 1990-ականների պատերազմի ընթացում Շուշիի ազատագրման առանցքային զինվորականներից, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքին։
Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
«2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին»։
Պատգամավոր Սեյրան Օհանյանի խոսքերով՝ առանց շրջապատելու, «մասկի շոուի» Արզումանյանը կներկայանար ՔԿ. «Ճանապարհ անցած գեներալ է։ Իշխանությունները փորձելու են պատերազմի ամեն ինչը բարդել զինվորականների վրա։ Ոչ միայն Շուշիի, այլեւ Արցախի մնացած տարածքների զիջումը պետք է քննության առարկա դառնա։ Քննության առարկա դառնալու համար մենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի քննիչ հանձնաժողովի փոխարեն այլ քննիչ հանձնաժողով էինք առաջարկել, որին այս իշխանություններն ընթացք չէին տվել։ Ցանկացած օպերացիա կազմում է 44-օրյա պատերազմի մի մաս, և բոլորն էլ պետք է հետաքննության առարկա դառնան։ Բայց հետաքննության առարկա պետք է դառնան ոչ թե բանակը, զինծառայողները, այլեւ այն, ինչը բերեց պատերազմի։ Պետության ղեկավարությունը չմոբիլիզացրեց ամբողջ ռազմական ռեսուրսը, որպեսզի ադրբեջանցիները չգային-հասնեին Շուշի»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելու, պատերազմ հրահրելու, պատերազմի ժամանակ ոչինչ չանելու, պատերազմի ընթացքում բոլոր մեղավորներին խրախուսելու, պատերազմից հետո անհաջողությունների շարքը շարունակական դարձնելու, թուրք-ադրբեջանական կեղծ խաղաղության օրակարգի խաբկանքի մեջ մտցնելու պատասխանատուներն են այս իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ։ Մնացածն ինձ համար մանրուքներ են», - ընդգծեց գեներալ-գնդապետը։
44-օրյա պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանը եղել է Շուշիում՝ այդ ընթացքում ռազմական խորհրդատվությամբ զբաղվելով։ «Որպես կամավոր և Արցախի նախագահի խնդրանքով եղել եմ Շուշիում և փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել։ Մնացածը, որ քննում են, խնդիր չէ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի օպերացիան անփութության մի մասն է կազմում։ Ամբողջ պատերազմի ընթացքում անփութություն դրսեւորել է ՀՀ իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ», - եզրափակեց գեներալ-գնդապետը։