31/08/2022 22:00
«Դուք կարողացաք աշխարհով մեկ հայ ազգի պատիվը բարձր պահել»․ ՀԱՕԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանին 44 մեդալ բերած մարզիկներին
Օգոստոսին աշխարհի տարբեր մայրաքաղաքներում կայացած սպորտային խոշոր ու կարևոր առաջնությունների մասնակցած հայ մարզիկները տարբեր մարզաձևերից 44 մեդալ են բերել Հայաստան, որից 22-ը՝ ոսկե։
Նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքը գնահատելու, էլ ավելի ոգևորելու և բոլորի անունից շնորհակալություն հայտնելու համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Օլիմպավանում հյուրընկալել է օգոստոսին Հայաստանին հաղթանակներ բերած մարզիկներին։
«Ապրեք, կարողացաք Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում վաստակել 44 մեդալ, ուղիղ կեսը՝ ոսկե։ 22 ոսկե, 7 արծաթե, 15 բրոնզե մեդալ ունենք։ Դուք կարողացաք աշխարհով մեկ մեր հայ ազգի պատիվը բարձր պահել, մեր երկրին ավելի մեծ ճանաչում տալ, մեր դրոշը բարձրացնել»,- դիմելով մարզիկներին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը։
ՀԱՕԿ նախագահն ընդգծել է՝ հայ մարզիկները մեր երկրի պարծանքն են, բոլորն են հպարտանում, որ այսպիսի երիտասարդներ ունենք։
Հանդիպմանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նույնպես գնահատել է մարզիկների ու մարզիչների հաջողությունները՝ նշելով, որ այդ ամենը քրտնաջան աշխատանքի արդյունք է։
Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայկական սպորտում ներդրած ավանդի համար ՀԱՕԿ մեդալներով է պարգևատրևել մի շարք մարզիչների և ֆեդերացիաների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզիկների։
Առավել մանրամասն՝ տեսանյութում