31/08/2022 18:47
Տեսչական մարմինը տեղյակ չէ, թե որ ընկերությունների վարորդներն են գերծանրաբեռնված փոխադրումներ իրականացնում՝ վնասելով ճանապարհները. Տուգանվում են միայն վարորդները
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե հանքանյութ տեղափոխող ո’ր ընկերությունների վարորդներն են փոխադրումներն իրականացնում գերբեռնված։ Ավելին, տեղյակ չեն, թե տուգանվելուց հետո նույն վարորդն արդյոք շարունակո՞ւմ է ծանրաբեռնված փոխադրումներ իրականացնել, թե՞ ոչ։
Ինչպես հայտնի է՝ կառավարության՝ դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունդամենտալ լուծել։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե Փաշինյանի հանձնարարությունները կատարելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում։
Տեսչությունից հայտնել են, որ 2022 թվականի հուլիսի 14-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող 173 տրանսպորտային միջոց, ինչի հիման վրա կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան քանակով արձանագրություններ։
Տեսչական մարմինը չի հստակեցրել, թե քանի ստուգում է իրականացվել, որից 173-ի դեպքում խախտում է արձանագրվել։ «Փաստինֆո»-ի նախորդ հարցմանն ի պատասխան նույն գերատեսչությունից հայտնել էին, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց, որոնցից 68-ի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ։ Այսինքն՝ մեկ կիսամյակում ստուգվել էր այնքան մեքանա, որքան Փաշինյանի հանձնարարականից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տուգանվել է։ Թե Փաշինյանի հանձնարարականից հետո ստուգված մեքենաների քանակը ինչու չի տրամադրել տեսչական մարմինը, թերևս, հայտնի է միայն իրենց, սակայն փաստն այն է, որ տեղեկատվությունը տրամադրվել է թերի, որի հետևանքով թաքցվել է նաև տվյալն առ այն, թե ստուգված մեքենաների վարորդների կողմից խախտումը քանի տոկոս է կազմում։
Տեսչական մարմինը տեղեկույթ չի տրամադրել նաև այն ընկերությունների մասին, որոնց վարորդները իրականացնում են գերբեռնված փոխադրումներ՝ պատճառաբանելով, որ տուգանում են վարորդներին, ոչ թե ընկերություններին։
«Օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար, այսինքն՝ վարչական պատասխանատվության է ենթարկվում մեքենայի վարորդը։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական անձինք ստուգման ենթակա չեն, ուստի նշված բնագավառում ստուգումներ չեն իրականացվում»,- նշել է տեսչական մարմինը՝ ավելացնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված ոչ թե իրավաբանական անձի (ընկերության), այլ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ում նկատմամբ էլ կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը»։
Մեկ այլ հարցով լրատվամիջոցը խնդրել է պատասխանել, թե նշված ժամանակահատվածում արձանագրված խախտումներն արդյոք համասե՞ռ բնույթ են կրել։ Կրկին ուղիղ հարցադրում է հնչեցվել՝ նկատի ունենալով արարքների նույնասեռությունը (նախորդ հարցմանը պատասխանել էին, որ նման դեպքեր գրանցվել են) քանի դեպքով է գերատեսչության կողմից համապատասխան գրություն ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթներ նախաձեռնելու վերաբերյալ։
Տեսչությունից ի պատասխան հայտնել են, որ իրավախախտման փաստի արձանագրման յուրաքանչյուր դեպքով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ առանձին արձանագրություն, ուստի չեն բացառվում դեպքերը, երբ նույն վարորդի նկատմամբ կազմվի մի քանի արձանագրություն։ Ընդ որում, այս հարցմանն ի պատասխան կառույցից զերծ են մնացել նույնասեռության դեպքերի մասին թվային տվյալ ներկայացնելուց, ավելի վաղ նույն կառույցից լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին առնվազն երկու դեպքի մասին։
ՏՄ-ից նաև վստահեցրել են, որ ՀՀ վարչապետի կողմից Տեսչական մարմնին տրված բոլոր հանձնարարականները պատշաճ իրականացվում են՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Իսկ ինչ վերաբերում է հաղորդումներ ներկայացնելուն, ապա կառույցից նշել են, որ տրանսպորտի ոլորտին առնչվող գործերով իրավապահ մարմիններ հաղորդումներ չեն ներկայացվում, քանի որ արձանագրված իրավախախտումներն առաջացնում են վարչական, ոչ թե քրեական պատասխանատվություն։
Ստացվում է, ընկերություններն իրականացնում են գերբեռնված փոխադրումներ, ստանում շահույթ, սակայն պատասխանատվության ենթարկվում է միայն վարորդը։ Ավելին, տեսչական մարմինն էլ չունի տեղեկատվություն, թե որ ընկերությունների վարորդներն են մտահոգ իրենց գործատուների շահույթն ապահովելու խնդրով, որ պարբերաբար օրենքի խախտմամբ բեռնափոխադրումներ են իրականացնում ու տուգանվում, որպեսզի նրանք իրենց լավ զգան։