01/09/2022 18:22
Երակների հանգուցավոր լայնացում. Հիվանդության կանխարգելման միջոցները
Երակների հանգուցավոր լայնացումն երակների հիվանդություն է, որը բնորոշվում է երակների չափերի մեծացմամբ, ինչպես նաև նրանց ձևի փոփոխությամբ: Հիվանդության համար բնորոշ է նաև երակների առաձգականության նվազեցումը։ Երակների հանգուցավոր լայնացման ժամանակ ախտահարվում են առավելապես ստորին վերջույթների մակերեսային երակները, ինչպես նաև ուղիղ աղիքի երակային հյուսակները:
Հիվանդության առաջացմանը նպաստում են երակային համակարգով արյան հետհոսքը դժվարացնող պայմանները։
Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև երակային պատի բնածին թուլությունը, ինչպես նաև երակային փականների անբավարարությունը։ Ավելի հաճախ հիվանդությունը հանդիպում է ստորին վերջույթների երակների հանգուցավոր լայնացման տեսքով: Այս հիվանդության ժամանակ լայնացած երակները երևում են մաշկի տակից ոլորվող հանգույցների տեսքով։ Սնուցման խանգարման հետևանքով այդ մասում մաշկը խիստ բարակում է, ինչի արդյունքում մաշկի վրա առաջանում են մուգ դարչնագույն կամ գորշ բծեր: Հիվանդությունը առավել հաճախ ուղեկցվում է վերջույթների այտուցով։ Հիվանդները շուտ են հոգնում, նրանց ոտքերում զգացվում է ծանրություն և սաստկացող ցավեր:
Հիվանդության առաջխաղացման դեպքում վերջույթների այտուցն ավելանում է, իսկ քայլելը դառնում ցավոտ և դժվար։ Լայնացած երակներում առաջացող փոփոխությունները, ինչպես նաև արյան հոսքի դանդաղումը, բարենպաստ պայմաններ են ստեղծում բորբոքային գործընթացների առաջացման և անոթների խցանման համար:
Հիվանդության առաջընթացը կանխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հետևողականորեն կատարել կանխարգելիչ բոլոր նշանակումները։ Այդ միջոցառումներն առավել արդյունավետ են հիվանդության առաջացման վաղ շրջանում: Բնականոն արյան շրջանառության համար առաջին հերթին ահնրաժեշտ է բացառել արգելք հանդիսացող բոլոր հնարավոր գործոնները։
Նստակյաց աշխատանքի դեպքում հիվանդ ոտքը պետք է լինի միայն հորիզոնական դիրքում: Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ քայլել։ Աշխատանքից հետո ոտքերի հանգստանալու համար ամենաբարենպաստ պայմաններից մեկը դանդաղ զբոսանքն է։ Կանխարգելիչ միջոց է հանդիսանում նաև առաձգական բինտով ոտքը փաթաթելը։
Երակների հանգուցավոր լայնացման արտահայտված տիպի դեպքում անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն՝ լայնացած երակների հեռացում։ Հետվիրահատական շրջանում բարենպաստ ազդեցություն ունի նաև բուժական վարժությունների ծրագիրը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։