01/09/2022 20:45
Մատնաշունչ․ Ցանկացած ձև՝ հատկապես խորը, կարող է ծանր հետևանքների պատճառ դառնալ
Երբ թարախածին մանրէները փոքր վերքերի միջոցով ներթափանցում են ծայրային ֆալանգի վրա, առաջանում է մատնաշունչ, որն իրենից ներկայացնում է մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում: Տարբերում են մակերեսային (մաշկային, հարեղունգային և ենթաեղունգային) և խորը (ենթամաշկային, ջլային, հոդային, ոսկրային) մատնաշունչ:
Մատնաշունչի առաջացման պատճառ են հանդիսանում թարախածին մանրէները, որոնք փոքր վերքերի միջոցով ներթափանցում են մաշկ: Ենթաեղունգային մատնաշունչը առաջանում է ծակած վերքի ժամանակ կամ եղունգի ծայրի տակ փուշ մտնելիս:
Մաշկային մատնաշունչի դեպքում թարախը կուտակվում է վերնամաշկի տակ, առաջանում է պղտոր, երբեմն էլ արյունային հեղուկով լցված բշտիկ, որի շրջակա մաշկը կարմրում է: Ցավերը տանելի են, լինում է այրոցի զգացում: Բշտիկն աստիճանաբար մեծանում է, թարախային բորբոքումը կարող է անցնել խորը տեղադրված հյուսվածքները:
Հարեղունգային մատնաշունչի դեպքում թարախաբուշտն առաջանում է եղունգային բարձիկի մաշկում: Եթե թարախը թափանցում է եղունգային թիթեղի տակ, մատնաշունչը կոչվում է ենթաեղունգային: Անուշադրության մատնելիս թարախային բորբոքումը կարող է տարածվել խորը` եղունգային մատոսկրի վրա:
Խորը մատնաշունչը, որպես կանոն, առաջանում է մատի ափային մակերևույթին: Քանի որ մատի այդ կողմում մաշկը պինդ է, թարախը երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ, այլ տարածվում է խորը հյուսվածքներ (ջիլ, հոդ, ոսկոր), երբեմն ախտահարում է դրանք միաժամանակ: Ենթամաշկային մատնաշունչը բնորոշվում է մշտական շանթող ցավերով (հատկապես` գիշերը), մատը շոշափելիս առաջանում են սուր ցավեր: Եթե մատը շարժելիս ցավերն ավելի են ուժեղանում, դա վկայում է ջլի կամ հոդի վրա բորբոքման տարածման մասին:
Մատնաշունչի ցանկացած ձև՝ հատկապես խորը, կարող է ծանր հետևանքների առաջացման պատճառ դառնալ: Թարախածին մանրէները կարող են արյան և ավշի միջոցով տարածվել հեռավոր օրգաններ ու հյուսվածքներ և ախտահարել դրանք, ինչպես նաև արյան վարակում առաջացնել: Ոսկրային մատնաշունչը կարող է ձևափոխել եղունգային մատոսկրը, ջիլն ու հոդը և հանգեցնել մատի անշարժության:
Խորը մատնաշունչը ժամանակին չբուժելիս թարախը հաճախ տարածվում է ափի հյուսվածքների, այնուհետև նախաբազկի վրա, որի դեպքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Ուստի բորբոքման առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժում խորհուրդ չի տրվում: Չի կարելի նաև ծակել վերնամաշկի տակ առաջացած բուշտը: Առավել ևս անթույլատրելի է խորը մատնաշունչի ինքնաբուժումը քսուքներով, տաքացնող կոմպրեսներով և այլն:
Մաշկը մանր վնասվածքներից պաշտպանելու համար հարկավոր է ձեռնոցներ կրել, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Մատների մաշկի ցանկացած՝ նույնիսկ չնչին վնասվածքները մշակել սպիրտով, եղունգի տակ փուշ մտնելիս այն շտապ դուրս բերել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։