01/09/2022 19:44
Պիկի հիվանդություն․ Ազդեցությունը հոգեկան և ֆիզիկական առողջության վրա
Հիվանդությունը նախածերունական թուլամտության տեսակ է։ Սկսվում է հիմնականում 50-60 տարեկանում, չնայած, նկարագրված են ավելի վաղ (մինչև 40 տարեկանը) սկսվող դեպքեր։ Կանայք 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։ Այն նկարագրել է Պիկը 1892 թ.։ Ժառանգվում է աուտոսոմդոմինանտ ձևով։ Հիվանդության մորֆոլոգիական հիմք է հանդիսանում գլխուղեղի ճակատային և քունքային բլթերի ատրոֆիան։ Տեղի է ունենում նեյրոնների զանգվածային կորուստ։
Ալցհեյմերյան թուլամտությունից տարբերելու համար յուրահատուկ կլինիկական ախտանիշներ չկան, սակայն կան որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս տարբերել Պիկի հիվանդությունը։ Չնայած անհրաժեշտ մեթոդների գոյությանը (համակարգչային տոմոգրաֆիա, միջուկային մագնիսային ռեզոնանս), որոնք տեսանելի են դարձնում ուղեղային փոփոխությունները կենդանության օրոք, ախտորոշումը վերջնականապես հաստատվում է հետմահու։
Թուլամտությունը սկսվում է դանդաղ, աննկատ. աստիճանաբար փոխվում են բնավորությունն ու վարքը, այնուհետև ի հայտ են գալիս հիշողության և ինտելեկտի խանգարումներ։ Հենց բնավորության և սոցիալական վարքի փոփոխություններն են համարվում առանձնահատուկ և բնորոշ Պիկի հիվանդությանը։ Հիվանդները կորցնում են քննադատական վերաբերմունքը, խաթարվում է բանականությունը, դառնում են անզուսպ, արհամարում են սոցիալական նորմերը, պահանջները։ Թուլամտությունն ուղեկցվում է անտարբերությամբ, էյֆորիայով, հաճախ են հանդիպում նյարդաբանական խանգարումներ՝ մասնավորապես էքստրապիրամիդալ երևույթներ։
Հիվանդությունը տևում է 2-10 տարի, բերում է համընդհանուր թուլամտության, հոգեկան և ֆիզիկական առողջության վատթարացման և ավարտվում մահով։ Առավել վաղ տարիքում սկսված դեպքերն ունենում են ավելի բարդ ընթացք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։