01/09/2022 09:45
«Հրապարակ». Փաշինյանը հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ ՔԿ-ի ներկայացրած բացատրությունը, թե ինչու են ձերբակալել Արցախում հայտնի Միշկոյին, մեկ բառով հետևյալն էր՝ նրան մեղադրում են Շուշին հանձնելու մեջ։ Արզումանյանը, իրականում, կարող է տիրապետել արժեքավոր տեղեկատվության, թե ով է իրականում հանձնել Շուշին, կամ ում հրահանգով է հանձնվել։
Այս ձերբակալումից հետո մեզ ուշագրավ դրվագ պատմեցին պատերազմի վերջին օրերին՝ 2020 թ. հոկտեմբերի 26-ին Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի և Նիկոլ Փաշինյանի այդ օրերի շփումներից։ Պարզվում է՝ Փաշինյանը շատ հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճակատում, և ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»։ Արզումանյանը սկզբում զարմացել է այդ հարցից, ապա մի օր էլ զայրացել է, թե՝ «պետք է տա՞նք»։ Եվ երբ Հայաստանի վարչապետը չափից դուրս շատ է միջամտել ու անհանգստացրել իր «անիմաստ հարցերով», Միքայել Արզումանյանը կտրուկ ասել է.
«Սրանից հետո Ձեր հարցերն ուղղեք Օնիկ Վիկտորովիչին»․ խոսքը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դրանից հետո Արզումանյանի ու Փաշինյանի հարաբերությունները լարվել են։ Իսկ Շուշիի անկման նախօրեին թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Շուշիի մի այնպիսի դիրքի, որի տեղը, զինվորականների պնդմամբ, անհնար էր կռահել, եթե կոորդինատները հակառակորդը չունենար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում