01/09/2022 13:28
Միջադեպ ա եղել ինչ-որ, տեղյակ չեմ, տեղեկություն չունեմ. Արարատի մարզպետը՝ Վեդիում այս գիշեր թուրքերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ չէ՝ ինչ միջադեպ է այս գիշեր տեղի ունեցել Վեդի քաղաքում։
«Չէ՛, տեղեկություն չունեմ։ Չեմ իմանում, տեղյակ չեմ։ Ոստիկանության լրատվական վարչություն դիմեք, այնտեղից պարզաբանում կտան։ Միջադեպ ա եղել ինչ-որ, տեղյակ չեմ, էլի», - Aysor.am-ի թղթակցին ասաց վերջինս։
Հարցին՝ ինֆորմացիա չունի՞՝ միջադեպի մասնակից թուրք ամուսինները շարունակո՞ւմ են գտնվել իր ղեկավարած մարզում, թե ոչ, Թևոնյանը պատասխանեց. «Չէ՛, տեղյակ չեմ»։
Իսկ միջադեպի մասին իրեն ի՞նչ են պատմել, ի՞նչ մանրամասներ են ներկայացրել։
«Չեմ իմանում», - կրկին խուսափողական պատասխան տվեց Արարատի մարզպետը։
Հիշեցնենք, որ Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատել էին՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են եղել։
«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», - ասել էր ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա միաժամանակ նշել էր, որ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։