02/09/2022 10:03
Ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի. Ալեն Սիմոնյան
Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին և ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման:
Հավերժ փառք ու խոնարհում անկախության և պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը:
Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,-ասվում է ուղերձում։