02/09/2022 13:16
Էլիտա լինելը ոչ միայն ամենօրյա պայքար է, այլև համակարգային աշխատանք․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էլիտաների ամենամեծ սխալն է իրենց կարգավիճակը մեկընդմիշտ ամրագրված համարելը։
Ու դրանից բխող՝ այդ կարգավիճակն անընդհատ վերահաստատելու համար ամենօրյա պայքարից գլուխ պահելը, եթե չասենք՝ դասալքելը։
«Մենք՝ էլիտաներս, կնստենք մեր էլիտար տարածքներում ու ձեզ՝ անխելք զանգվածներին, կասենք, թե ճիշտը ոնց է» նարցիսական կենսակերպը շատ արագ բերում է նրան, որ այդ էլիտաները դադարում են էլիտա լինել, նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ դեռ կարողանում են իներցիայով պահպանել իրենց երբեմնի էլիտարության արտաքին ինչ-ինչ ատրիբուտներ՝ պերճանքի իրերը և զվարճանքները, բարձրաշխարհիկ կապերը ևն։
Նույնիսկ «էլիտար գիտելիքը» (ինսայդերական ինֆորմացիան, տարիների ընթացքում որոշ գաղտնիքներին տիրապետելը) արագ հնանալու հատկություն ունի, եթե այն ամեն օր չի թարմացվում…
Էլիտա լինելը ոչ միայն ամենօրյա պայքար է, այլև համակարգային աշխատանք։ Էլիտար կարգավիճակի հիմքում պետք է ինստիտուտներ լինեն։ Եթե ինստիտուտները չեն գործում կամ նույնիսկ չեն զարգանում այնպիսի արագությամբ, որ հասցնեն հարմարվել փոփոխվող իրականությանը, ապա ինչ ուզում ես արա, դուրս ես մղվելու լուսանցք՝ մնալով անցյալ փառքի մասին պայծառ հիշողությունների հույսին»։