02/09/2022 18:56
Պատմությունը մեզ նորից շանս է տալու, որ Արցախը վերածնվի, բայց դրա համար պետք է հետևողոական աշխատանք տանել. Քաղաքագետ
Պետք չէ հոռետեսական տրամադրություններ տարածել, թե Արցախը հայկական պահելու հնարավորություններն այլևս մսխված են. այսօր Արցախին աննախադեպ՝ մոտ 300 միլիոն դոլարի ֆինանսական հատկացումներ են տրամադրվում, բնակարանաշինություն է իրականացվոմ, և ամեն ինչ արվում է, որպեսզի արցախահայությունը տեղում մնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
«Բայց Արցախը կանգուն պահելը ոչ միայն իշխանությունների, այլ նաև համայն հայության խնդիրն է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք՝ Արցախը հայկական պահելու համար։ Ես վստահ եմ, որ պատմությունը մեզ նորից շանս է տալու, որ Արցախը վերածնվի, բայց դրա համար պետք է հետևողոական աշխատանք տանել։
Ջանքեր պետք է գործադրվեն բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, անվտանգային և այլն։ Այդ ամենն արվում է, իհարկե․ չեմ ասի, թե այս պահին մեծ հաջողություններ ունենք, բայց խոսքը երկարատև գործընթացի, տարիների աշխատանքի մասին է»,- ասաց քաղաքագետը։
Արմեն Վարդանյանն ընդգծեց՝ ինքը չի համարում, որ Արցախը վերջնականապես կորցրել ենք։
«Այո՛, Արցախը ծանր վիրավոր է, բայց կարող եմ ասել, որ «վերակենդանացման բաժանմունքից» դուրս է եկել։ Ճիշտ աշախատանքի դեպքում Արցախը կարող է վերածնվել»,- ասաց մեր զրուցակիցը։