02/09/2022 19:18
«Այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը»․ Արցախի ԱԺ -ում հանդիպում է կայացել ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։
Շնորհավորելով Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՝ Արթուր Թովմասյանը ողջունել է հյուրերին՝ այս հիշարժան օրը Արցախում և արցախցու կողքին գտնվելու համար։
Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոսել է առաջիկայում Արցախ- Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստ գումարելու մասին։
Անդրադառնալով 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը։ Արթուր Թովմասյանը հավաստիարացրել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում անփոփոխ է ու անսակարկելի։ Հայաստանյան պատգամավորները հանդես են եկել շնորհավորական ելույթներով , համոզմունք հայտնել, որ մշտապես Արցախի և արցախցու կողքին են։ Լիահույս են, որ մոտ ապագայում վերաիմաստավորված կնշեն Արցախի Հանրապետության հռչակման օրը։
Հանդիպման առանցքային հարցերի շարքում Արցախի անվտանգությունն ու հետագա ճակատագրի տեսլականն էր։