02/09/2022 17:38
Պետք է շարունակենք պայքարել և չհուսահատվել․ իրավիճակը բարդ է, բայց լուրջ մարտահրավերներից բացի, կան նաև հնարավորություններ․ Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետությունը համայն հայության զավակն է, հետևաբար, պետք է միասնական ուժերով ամեն ինչ անել , որպեսզի Արցախը շարունակի իր պատմությունը, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:
«Մենք շատ խորհրդանշական ժամանակաշրջանում ենք ապրում, և Արցախյան երրորդ՝ ծանր, պատերազմից հետո առավել կարևոր է այս տոնի խորհուրդը, որովհետև սա Արցախի Հանրապետության ծննդյան օրն է:
Մենք՝ յուրաքանչյուրս, պետք է շարունակենք պայքարել և չհուսահատվել: Այո, իրավիճակը բարդ է, բայց լուրջ մարտահրավերներից բացի, կան նաև հնարավորություններ: Պետք է նաև գիտակցել, որ եթե չլինի Արցախը չի լինելու նաև Հայոց պետականությունը: Հետևաբար, ամեն ինչ պետք է անել Արցախը փրկելու համար», -ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա, ըստ Արցախի արտգործնախարարի, աշխարհաքաղաքական ներկա զարգացումները վկայում են, որ կան ուժային կենտրոններ, որոնք շահագրգռված են Արցախի լինելիության հարցում:
«Այդուհանդերձ, Արցախի լինելիությունն ամենաշատը մեզնով է պայմանավորված․ մե՛նք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք»,-հավելել է նա: