02/09/2022 15:33
Մեզ մեր տներից հանել են, քանի որ պառակտված ենք․ Մետաքսե Հակոբյան
Այսօր Արցախում տոնական համերգ, բնականաբար, չի լինելու։ Կլինեն պանելային քննարկումներ, զրույցներ՝ կապված օրվա խորհրդի հետ, իսկ երեկոյան՝ ժամը 19։00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու բակից կմեկնարկի երթ դեպի Վերածննդի հրապարակ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Երեկոյան նախատեսված երթով ցույց կտանք աշխարհին, որ հայը հիմա մեկ նպատակ ունի՝ դա Արցախը փրկելն է և այդ գաղափարի շուրջ բոլորս համախմբված ենք՝ այդ թվում իշխանությունն ու ընդդիմությունը։ Այսօր երեկոյան Վերածննդի հրապարակում ելույթ կունենան ինչպես արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, այնպես էլ երիտասարդներ, ովքեր մասնակցել, միացել են պայքարի ներկա փուլին։ Բնականաբար, երթին կմիանան նաև Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից եկած մարդիկ»,-մանրամասնել է Արցախի Աժ պատգամավորը։
Ստեղծված վիճակից դուրս գալու համար առաջի քայլը, Հակոբյանի համոզմամբ, իրար հետ հաշտվելն ու միավորվելն է։ Արցախի Աժ պատգամավորը նկատում է՝ եթե նորից ստիպված լինենք բռնել գաղթի ճամփան, ապա ուզած-չուզած միավորվելու ենք, ուրեմն ինչո՞ւ սպասել։
«Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը պառակմանը վերջ տալն է։ Եթե օր առաջ չթափվենք ու չգիտակցենք, որ ինչպես մարտի դաշտում ոչ ոք չի հարցնում կողքինին, թե որ ուժին է հարում, այլ բոլորը կռվում են թշնամու դեմ, այնպես էլ սովորական կյանքում պետք է միավորվենք, ապա բառի բուն իմաստով վերջնականապես կորցնելու ենք մեր երկիրը։ Մեզ մեր տներից կարողացել են հանել, քանի որ պառակտված ենք, թույլ»,-նկատել է պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը նշել է, որ Արցախում են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները, որոնց հետ առավոտյան ծաղիկներ են խոնարհել Եղբայրական գերեզման-հուշահամալիրում։
Հայաստանից ժամանած գործընկերների հետ, պատգամավորի խոսքով, այսօր նախատեսված են նաև քննարկումներ՝ կապված այն որոշումների հետ, որոնք պետք է օգնեն Արցախին՝ դուրս գալ ստեղծված վիճակից։
Վաղվանից արդեն պաշտոնապես կտրվի «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման մեկնարկը։
«Այսօրվա միջոցառումները կավարտենք երթով, վաղվանից էլ պանելային քննարկմամբ կտրվի «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման մեկնարկը, որի ժամանակ շարժման համակարգողները կներկայացնեն շարժման նպատակները,հստակ անելիքներն ու այն, թե ինչու է կարևոր, որ շարժումը լինի ժողովրդական»,-նշել է Հակոբյանը։