02/09/2022 17:25
ՀՀ իշխանությունները մսխել են Արցախի միջազգային ճանաչման հարցը, բայց Արցախը հայաբնակ պահելու հնարավորություն այսօր, այո՛, կա. քաղաքագետ
ՀՀ գործող իշխանությունները մսխել են Արցախի արժանապատիվ կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը, բայց Արցախը հայաբնակ պահելու հնարավորություն այսօր, այո՛, կա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Այս հարցում Հայաստանն ունի դաշնակիցներ, և կարծում եմ, որ խելացի արտաքին քաղաքականություն վարելու դեպքում մենք կարող ենք Արցախը հայկական պահել և նույնիսկ ապահովել հայկական Արցախի զարգացումը»,- ասաց նա։
Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունները քաղաքական առումով ձեռքերը լվացել են Արցախից և հայտարարում են, որ զուտ սոցիալական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կարող են աջակցել։
«Մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ, հասկանանք,որ Հայաստանը, որպես պետություն, ի վիճակի է միայն նյութական օգնություն ցուցաբերել Արցախին։ Բայց ՀՀ բնակչությունը, աշխարհասփյուռ հայությունը քաղաքական և տնտեսական լծակներով կարող են օգնել, որ Արցախը մնա հայկական։
Դրան գումարենք նաև այն, որ այսօր Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, և քաղաքական առումով Ռուսաստանին ձեռնտու է, որ այնտեղ հայ բնակչություն լինի։
Այսինքն՝ հաշվի առնելով քաղաքական շահերի համընկնումը, մենք, այո՛, հնարավորություն ունենք Արցախը պահել հայկական և հայաբնակ՝ անգամ եթե ՀՀ այսօրվա իշխանությունները դրա վրա առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնում և համարում են, որ դա այլևս ՀՀ գործը չէ»,- ամփոփեց քաղաքագետը։