03/09/2022 12:41
Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի
ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում, պատրաստել զեկույց, որի նպատակը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցելն է:
«Այն ներառում է ներկայիս վիճակը, ուժեղ, թույլ կողմերը, ռիսկերը և փորձագետների առաջարկությունները` հետագա անելիքների մասին:
Հաշվետվությունը կազմելիս ԱՀԿ փորձագետներն աշխատել են ՀՀ առողջապահության նախարարության, ԱՆ ԱԱԻ-ի, ՀՎԿԱԿ-ի, և «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:
«Էլեկտրոնային առողջապահության ներդրումը առողջապահության նախարարության առանցքային ուղղություններից է: Այն ուղղված է նախ բուժաշխատողի և բուժառուի կյանքը հեշտացնելուն, նաև տվյալները գիտական նշանակությամբ օգտագործելու համար, ուստի այս ամփոփ հաշվետվությունը կօգնի ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում»,- փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
ԱՀԿ փորձագետները նշել են, որ առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման հարցում Հայաստանն, ընդհանուր առմամբ, լավ ցուցանիշներ ունի, ուժեղ կողմերից են` ենթակառուցվածքների զարգացումը, տվյալների աղբյուրները և բժշկական էլեկտրոնային քարտերի վարումը:
Միաժամանակ, փորձագետները ներկայացրել են մի շարք առաջարկություններ։
Հանդիպման արդյունքում համագործակցությունը շարունակելու և ոլորտի բարեփոխումների ուղղությամբ միասնաբար աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-ասվում է ԱՆ հաղորդագրությունում: