05/09/2022 14:20
Ընդդիմադիր գործիչների կողմից կսկսվեն ահաբեկչության դրսևորումներ, թե «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենք անում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում մեկնարկել է «Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքի քննարկումը, որը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սա ուղղակի առնչություն ունի Հայաստանի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ:
«Մեր հանձնաժողովի նիստում քննարկում ենք մի նախաձեռնություն։ Առաջին հայացքից շատերը կարող է չընկալեն, թե ինչ նոր ընթացք է ապահովելու մեր երկրի անվտանգության ոլորտի համար: Համոզված եմ՝ հիմա մեր բացակայող ընդդիմադիր գործիչների կողմից կսկսվեն ահաբեկչության դրսևորումներ, թե «այս օրենքն անում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա». այդպիսի բան չկա, այս օրենքն անում ենք, որպեսզի մեր ժողովուրդը նաև ի վիճակի լինի պաշտպանության հարցեր լուծելու: Այդպիսի փորձ ունեն աշխարհի շատ երկրներ, անկախ նրանից, որ այդ զենքերը մեկ-մեկ կրակում են, բայց, որպես կանոն, կրակում են ապօրինի զենքերով», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Ըստ նրա՝ զենքերի օրինականացման դաշտը ավելի վերահսկելի կդառնա։
«Մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ: Ստանդարտները պետք է ատամներով ձևավորենք, որովհետև եթե ստանդարտները բացակայում են, բայց գրված են թղթի վրա, դրանք վեր են ածվում սուրմալուների: Մեր կողմից հաստատված ստանդարտներին պետք է տիրություն անենք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։