05/09/2022 15:04
«Անցյալից մեզ հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է, կլինենք առաջամարտիկները»․ Զինավոր Մեղրյանն ազդարարեց 13-րդ դարի վանական համալիրը՝ Աղջոց վանքը վերականգնելու նախաձեռնության մասին
Հայաստան, Արարատի մարզ, Խոսրովի արգելոց։ Լեռների ու ժայռերի միջով ձգվող երկար ճանապարհը տանում է վեր ու վեր, հետո իջնում, նորից բարձրանում, ու հանկարծ հեռվից, հերթական բարձունքից երևում է լեռան լանջին ծվարած վանական համալիրը՝ Աղջոց վանքը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը։
Ժողովրդի շրջանում վանական համալիրը տարբեր կերպ են կոչում՝ Աղջկուց վանք, Աղջսվանք, Աղջոց Սուրբ Ստեփանոս․․․
Սուրբ Ստեփանոսը վանական համալիրի գլխավոր եկեղեցին է, կից՝ հյուսիսային կողմից, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է, Վանական համալիրի շրջակայքում՝ խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցը։
Ըստ ավանդության` Աղջոց վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին` որպես կուսանաց վանք, ապա, 13-րդ դարում՝ 1212-1217 թվականներին, կառուցվել է վանական համալիրը։
Այն, ինչ այժմ մնացել է ժամանակի կրոնական ու մշակութային կենտրոնից, Սուրբ Ստեփանոսի կանգուն պատերն են, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքը՝ երկու կողմերում`Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:
Վանական համալիրն ավիրվել է 1679 թվականի երկրաշարժից:
«Աղջոց վանքն իսկապես խորհրդավոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել․ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգություն ունենք, ինչպե՞ս ենք վերաբերվում ինքներս մեզ… Այստեղ մարդն, անկախ իրենից, սկսում է մտածել հայկականության ու հայության մասին»,- ասում է հերթական անգամ Աղջոց վանք այցելած Զինավոր Մեղրյանը։
Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում․ վանական համալիրը պետք է վերականգնվի, իրավունք չունենք կորցնել անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը։
Ժամանակի հրաշակերտ կառույցին մի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում՝ բարդ ու դժվար աշխատանք է, բայց ցանկության ու ներդրումների դեպքում՝ իրականանալի։
«Պետք է հավատալ ու գործել»,- խոսքը շարունակում է Զինավոր Մեղրյանը, ով, ընկերների ու համախոհների հետ, առաջին քայլերն է անում Սուրբ Ստեփանոս վանական համալիրի վերականգնման գործի երկար ճանապարհին։
«Կա կառուցելու և կա վերակառուցելու ժամանակ։ Մեր ժողովրդի համար հիմա հաղթական անցյալից իրեն հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է։ Այս միտքը հատկապես այստեղ՝ Աղջոց վանքում շատ ավելի սուր իրեն զգացնել տվեց, ու որոշեցի հրապարակային խոսել և առաջարկել, որ վերականգնման աշխատանքներ սկսենք։ Ես, իմ ընկերները կփորձենք մեր սեփական միջոցները ներդնելով, մասնագիտական խմբեր ներգրավելով, Հայ առաքելական եկեղեցու օրհնությունը ստանալով, այստեղ վերականգնման աշխատանքներ անել»,- ասում է Զինավոր Մեղրյանը։
Սուրբ Ստեփանոս վանական համալիրի վերականգնումը, որքան էլ բարդ թվա, անհնարին չէ, համոզված են նախաձեռնության անդամները։ Անհրաժեշտ է առաջին հերթին համախմբել մասնագիտական, նյութական, մշակութային ռեսուրսը։
«Հաշվի առնելով Աղջոց վանքի պատմական, հոգևոր, մշակութային արժեքն ու նշանակությունը, կարծում եմ, որ նրա վերականգնումը՝ և՛ հոգևոր իմաստով, և՛ զբոսաշրջային իմաստով, շատ լավ կարևոր է։ Սա շատ կոնկրետ մասնագիտական աշխատանք է պահանջում, նեղ մասնագիտական խնդիր է՝ աշխատանքի պլանավորում, ճարտարապետություն և այլն։ Դա ընդհանուր աշխատանքների առաջին փուլն է լինելու, բայց այդ փուլը հիմա արդեն սկսվեց։ Ընկերներիս հետ կլինենք առաջամարտիկները, սեփական օրինակով առաջին քայլը կանենք՝ հույս ունենալով, որ այս հոգևոր գործը, լավ իմաստով, նաև վարակիչ կլինի ու տարածում կստանա»,- նշում է Զինավոր Մեղրյանը։
Առաջիկայում նախաձեռնող խումբը պաշտոնապես դիմելու է Հայ առաքելական եկեղեցուն՝ նախաձեռնության մասին իրազեկելու, օրհնություն ստանալու համար։ Առջևում դեռ շատ քայլեր կան անելու։
«Հույս ունեմ, որ այս ամենը նաև մեր հասարակության մոտ հավատքի վերարթնացման առիթ կարող է դառնալ»,- ասում է Զինավոր Մեղրյանը ու կրկնում՝ հավատալ ու գործել է պետք։