05/09/2022 19:40
Արցախից Ֆրանսիա մեկնած պատվիրակությունը հանդիպել է Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի հետ
Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է Արցախի պատվիրակությանը, որի կազմում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Անահիտ Հակոբյանը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու պատերազմի հետևանքով առաջացած կրթամշակութային խնդիրները։
Արցախի ԿԳՄՍ նախարարը Լորան Վոքիեին է նվիրել Ամարասի վանքի պատկերով խորհրդանշական նվեր։
Հանդիպումից հետո Արցախի պատվիրակության համար շրջայց է կազմակերպվել Լիոնի «Թումո» կենտրոնում, որին հաջորդել է Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը։ Այն կազմակերպվել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, նվիրված է եղել Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին։
Համերգի ավարտին Լորան Վոքիեն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ Արցախի կամերային նվագախումբը հիացրել է հանդիսատեսին։