05/09/2022 11:08
«Ուրվականը» մշակույթը տանում է մարզեր․ առաջին կանգառը Դիլիջանն է
«Ուրվական» փառատոնը, որը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 25-ը, այս տարի կազմակերպվում է մայրաքաղաքից դուրս։ Փառատոնն այս անգամ տեղի է ունենալու Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը՝ այդպիսով նպաստելով մշակութային իրադարձությունների իրականացմանը նաև մարզերում և խթանելով նաև մարզային կյանքի զարգացումն ու ակտիվացումը։
Կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը մոդեռնիստական ճարտարապետական համալիր է, որը տեղակայված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գեղատեսիլ լեռնային անտառների մեջ:
«Այս վայրը մեծ նշանակություն ունի մեր ողջ թիմի համար. 2019-ին հենց այստեղ ոգեշնչվեցինք և հաստատ որոշեցինք, ինչ էլ որ լինի, հաջորդ «Ուրվականը» տեղի կունենա այստեղ: Պատմականորեն շատ կախարդանքներ են կատարվել այս վայրում նախկինում, և ավելին կլինի հիմա», - նշում են փառատոնի կազմակերպիչները։
Տասնամյակներ առաջ լինելով ժամանակից՝ հայ կոմպոզիտորների միությունը Դիլիջանի խորհրդային շրջանի այս շքեղ նստավայրը տրամադրել է Դմիտրի Շոստակովիչին, Բենջամին Բրիտտենին, Մստիսլավ Ռոստրոպովիչին, Ռոդիոն Շչեդրինին և Էդվարդ Միրզոյանին: Բոլորն այստեղ ոչ միայն գրում էին իրենց երաժշտական ստեղծագործությունները, այլև խաղում ֆուտբոլ, հիանում լեռնային որոտներով և գիշերային զրույցներ վարում գաղտնի բարում:
«Չնայած նրան, որ այս վայրը ժամանակին հյուրընկալել է 20-րդ դարի նշանավոր երաժիշտներին, այսօր հայկական մոդեռնիզմի այս զարմանահրաշ օրինակը պայքարում է և՛ ֆունկցիոնալ, և՛ կոնցեպտուալ գոյատևման համար: Այս տարի «Ուրվական» փառատոնի թիմը կփորձի վերակենդանացնել ենթակառուցվածքները և պատշաճ կերպով ցուցադրել նրա ուժը, խորությունն ու գեղեցկությունը», - հավելում են «Ուրվականի» կազմակերպիչները։
Համալիրն ինքնին վարդագույն տուֆից քոթեջների խումբ է: Ընդարձակ համերգասրահով, ռեստորանով և բացօթյա լողավազանով Կոմպոզիտորների միության քոթեջները ստեղծում են մի ապաստարան, որն ամբողջովին թաքնված է արտաքին աղմուկից և իրադարձություններից: Նրանցից յուրաքանչյուրն ունի դաշնամուր և իր ուրույն ոճը, որտեղ կարելի է մեկուսանալ մտորելու համար: Կազմակերպիչները վստահ են՝ Կոմպոզիտորների միությունն անխոսափելիորեն կոգեշնչի, որպեսզի փառատոնն իրականացվի լավագույն կերպով:
Իսկ Բեթհովենի անվան համերգասրահում կկայանա Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը կհնչի «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։
Նշենք, որ 2019-ին հիմնադրված փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Երևանում՝ առաջին իսկ տարում դառնալով տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ «Ուրվականը» պարզապես մշակութային փառատոն չէ, այն իր առանցքում է պահում նաև քաղաքական, սոցիալական և բնապահպանական հարցերն ու խնդիրները։ Փառատոնի շրջանակում կիրականացվեն նաև կրթական լաբեր, աշխատարաններ և կլոր սեղան-քննարկումներ։
Փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն․ ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, ընդհատակյա ռեփ և այլն։
Փառատոնի կազմակերպիչները լիահույս են, որ սեպտեմբերին Դիլիջանում մեծ զբոսաշրջային հոսք կլինի։