05/09/2022 10:13
Միքայել Արզումանյանը կյանքի լավագույն տարիները ներդրել է Արցախի բանակաշինության մեջ. Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում ազատ արձակել գեներալին
Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանավորումը։
«Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27֊ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։
Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է գեներալ-լեյտենանտ Արզումանյանը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր։
Հաշվի առնելով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակաշինության մեջ՝ մենք՝ պահեստազորի սպաներս, կոչ ենք անում վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, Միքայել Արզումանյանը, սակայն, «նահանջ» հրաման է տվել։