05/09/2022 12:13
«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն` Երևանում
Սեպտեմբերի 17, 18-ին «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառմանը, որը տեղի կունենա «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ):
Ծրագիրն ուղղված է Հայաստանի թանգարանների հանրահռչակմանը և գրավչությանը մշակույթի բնագավառում՝ մատնանշելով հուշանվերի կարևորության դերը թանգարանի կյանքում: Հուշանվերային արտադրանքը պատրաստել են և կներկայացնեն Հայաստանի 7 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արցախի և Երևանի շուրջ 50 արհեստագործ վարպետները: Փառատոնի մասնակից դարձած երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում կարող են մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել իրենց արհեստագործական հմտությունները, վայելել տարազների ցուցադրություն՝ կենդանի երաժշտության ներքո:
Օր 1․ Սեպտեմբերի 17,
09:00-20:00 Ցուցադրություն և վաճառք
17.30.00-18.30 Տարազների ցուցադրություն
Օր 2․ Սեպտեմբերի 18,
09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք
«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնին աջակցել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր «Գաֆէսճեան» քանդակների պարտեզի տարածքը։
Հ.Գ. Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։