06/09/2022 17:08
Օրենքում կատարվելիք փոփոխությամբ Արցախի ՀԿ-ները աուդիտի կենթարկվեն՝ 10 միլիոն և ավելի դրամով ֆինանսավորվելու դեպքում
Սեպտեմբերի 6-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում 4 նախագիծ էր:
««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Առաջարկվում է տարեկան հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
Նախագծի ընդունման դեպքում հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պարտադիր աուդիտի կենթարկվեն հանրային միջոցներից 10 միլիոն և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից 3 միլիոն և ավելի ֆինանսավորվելու դեպքում:
Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է դատական գործին մասնակցող անձանց ծանուցել նաև Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Սահմանված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը կհամարվի ծանուցված:
««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվող հավելումներին վերաբերող դրույթները:
Նախագծի ընդունման դեպքում կվերանա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների միջև առկա հակասությունները:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Արմեն Թովմասյանը:
Նախագծով առաջարկվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակել քաղաքացիական ծառայության խորհրդի, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի կայքէջերում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան մարմնի կայքի բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության խորհրդի կայքէջում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Պատգամավորներն առաջարկել է նաև այլընտրանքային լրատվամիջոցներով ապահովել քաղաքացիների իրազեկումը:Առաջարկն ընդունվել է։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բոլոր նախագծերին: Դրանք պատգամավորների քննարկմանը կներկայացվեն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ: