06/09/2022 14:02
Ջերմուկում պղծել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիներ
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ։
«Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։ Ես շատ կիսանդրիներ եմ տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չեմ հանդիպել մի տեղում։
Ընդ որում՝ բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են, ինչը եզակի երևույթ է մեր իրականության մեջ։ Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով ու նրանց դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կա՛մ կոտրված են, կա՛մ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա): Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։
Մի՞թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնում: Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չէ, որին պետք է ուշադրություն դարձնել: Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիների վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»», - գրել է օգտատերը։