06/09/2022 10:32
Արցախում շարունակվում է շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման դեմ պայքարը
Թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով սեպտեմբերի 5-ին` ժամը 16:10-ին, Քրեական հետախուզության վարչության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող՝ Ա.Դ.-ի (ծնված 1984թ.) կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող ավտոմեքենաների վերանորոգման կետի զննությամբ 3 առանձին փաթեթներում հայտնաբերել և վերցրել են ընդհանուր՝ 1.22 գրամ թմրանյութի նմանվող բուսական զանգված, 1 կաթուցիչ սև գույնի նստվածքով և թմրամիջոց գործածելու համար էլեկտրական լամպից պատրաստած հարմարանք, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության ՔՀ վարչությունը։
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները նույն օրը ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ՝ ստացված տեղեկությունների ստուգմամբ ժամը 16:45-ի սահմաններում, զննության են ենթարկել Ասկերան քաղաքում գտնվող սննդի հասարակական օբյեկտներից մեկը, որի հետնամասում գտնվող հողամասում հայտնաբերվել և վերցվել է Ա.Հ.-ին (ծնված 1992թ.) պատկանող և նրա կողմից ապօրինի ցանված ու մշակված կանեփանման բույսի 12 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 5-ին ժամը 17:00-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ստացված տեղեկությունների ստուգմամբ, նույն օրը ժամը 16:00-ին զննության է ենթարկվել Բերդաշեն համայնքի բնակիչ Մ.Զ.-ին (ծնված 1987թ.) պատկանող, նշված գյուղի վարչական տարածք հանդիսացող «Գոմեր» կոչվող տեղամասում գտնվող անասնաֆեմայի հարակից տարածքը, որտեղից հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման 3 բույս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: