06/09/2022 13:04
«Ձյուդոյում երբեք այսպիսի հաջողություն չէինք ունեցել»․ Կարեն Գիլոյանն ընդունել է ֆեդերացիայի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիչ Վահե Թորոսյանը և ձյուդոիստ Գոռ Կարապետյանը, որը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:
Կարեն Գիլոյանը գրանցած վերջին հաջողության առթիվ շնորհավորել է Գոռ Կարապետյանին և հույս հայտնել, որ վերջինս կշարունակի քրտնաջան աշխատել մեծահասակների պայքարում ևս հաջողությունը զարգացնելու ուղղությամբ.
«Ձյուդոյում երբեք այսպիսի հաջողություն չէինք ունեցել: Ձյուդոն այսօր շատ է բարդացել, 81 կգ-ն էլ ինքնին բարդ քաշային կարգ է: Շատ ուրախ եմ, որ հասաք այսպիսի նվաճման, բայց սա դեռ առաջին քայլն է: Պետք է չբավարարվել ունեցածով և ձգտել ավելիին: Գիտեմ, թե որքան կիրթ, նպատակամղված մարզիկ ես և շատ նվիրված ես քո մարզաձևին: Վստահ եմ՝ մեծերի տատամիում ևս մեծ նվաճումներ կունենաս»:
Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, մեդալ չեն ապահովել:
Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:
Պատանեկան մրցաշարերում ձյուդոիստներն այս տարի արդեն 8 մեդալ են նվաճել՝ 2-ը Եվրոպայի առաջնությունից, 2-ը՝ Եվրոպայի գավաթից, 3-ը՝ Եվրոպական օլիմպիական փառատոնից և 1-ը՝ աշխարհի պատանեկան առաջնությունից: Սա աննախադեպ արդյունք է հայկական ձյուդոյի համար:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն այս հաջողությունը կապում է ֆեդերացիայի ճիշտ և նպատակաուղղված գործունեության, մարզիչների ու մարզիկների քրտնաջան աշխատանքի և թիմային ջանքերի հետ: Մարզչի խոսքով՝ իրենք արդեն կոտրել են այն կարծրատիպը, թե Հայաստանում ձյուդոն չի կարող հաջողություն ունենալ:
Հայ ձյուդոիստներն այժմ նախապատրաստվում են սեպտեմբերի 15-17-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են:
Գոռ Կարապետյանն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկյանում հաղթանակի էր հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել էր Նիդեռլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: