06/09/2022 10:08
Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում. պետք է կանգնել Արցախի կողքին. Արամ Վարդևանյան
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ միջազգային փորձի իմաստով ազգերի ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտ է, այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ արցախցիները վճռական են և, չնայած այս պերմանենտ արհավիրքին, ընկճված չեն:
«Արցախի Հանրապետությունը մեր անկախության հռչակման անկյունաքարերից է: Օրվա իշխանությունների՝ Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման, մեղմ ասած, նսեմացմանը: Հետևաբար, նման իրավիճակ կամ պայման ենթադրող որևէ պայմանագիր չի կարող լինել սահմանադրական և Հայաստանի շահերին համապատասխանող:
Օրվա իշխանություններն, ունենալով բոլոր օբյեկտիվ միջազգային իրավական հիմքերը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության փաստերը, որևէ միջոց չեն ձեռնարկում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար:
Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում: Պետք է իսկապես հաճախ գնալ Արցախ, լինել Արցախում, կանգնել Արցախի կողքին», - Facebook-ում գրել է Վարդևանյանը։