07/09/2022 10:00
«Հրապարակ». Մի քանի ժամանոց ծանր քննարկում է ընթացել. Ընդհանուր հայտարարի չեն եկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին ընդառաջ ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով։ Թեպետ «Դիմադրության» շարժման ընթացքում ընդդիմադիրները քանիցս հայտարարել են, որ կվերադառնան միայն սեփական օրակարգով, սակայն հավաստի աղբյուրներից ինֆորմացիա է ստացվել, որ, ի տարբերություն առաջին փորձի, ՔՊ-ն հունվարին մտադիր է մանդատներից զրկելու գործընթացն ավարտին հասցնել, որովհետև միջազգային հանրությունը, հատկապես` եվրոպական կառույցներն այլևս դեմ չեն լինի դրան։ «Հայաստան» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, չնայած մի քանի ժամանոց ծանր քննարկում է ընթացել:
Վերջին օրերին Սերժ Սարգսյանն էլ է իր թիմակից պատգամավորների հետ քննարկումներ անում, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի պահվածքը մեծապես կախված է «Հայաստան» դաշինքի որոշումից, չնայած ավելի վաղ ՀՀԿ-ական պատգամավորները կատեգորիկ ասում էին, որ խորհրդարան չեն վերադառնալու: Բայց փողոցային պայքարի անհաջողությունները ընդդիմությանը մղում են վերադառնալ` բոլորը հասկանում են, որ այդ ամբիոնից զրկվելը վատ կանդրադառնա իրենց գործունեության վրա:
Մեզ ասացին, որ եթե «Հայաստան» դաշինքը հայտարարի ԱԺ վերադառնալու մասին, նույնը կանեն նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները։ Ի դեպ, այն ծրագիրը, որ ամբողջական ցուցակով հրաժարվեն մանդատներից` խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու համար, ևս գլուխ չի եկել: Ցուցակի հաջորդ համարները պետք է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեին, սակայն դաշինքում նման վստահություն չունեն, որ այսօրվա պատգամավորների հրաժարականների դեպքում հաջորդիվ եկողներն էլ իրենց նույնկերպ կպահեն։ Եթե անգամ ուղիղ չեն ասել այդ մասին, կասկածներ կան, որ 200 հոգանոց ցուցակում մի քանի դավաճան կհայտնվի»։