07/09/2022 15:17
Հայաստանի, ԵՄ-ի և դրա անդամ պետությունների միջև ստեղծվելու է ընդհանուր ավիացիոն գոտի. Նախագիծ
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:
Համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է՝ ավիաընկերությունների միջև խտրականության բացառման և վարչական ընթացակարգերը նվազագույնի հասցնելու միջոցով: Համաձայնագրի կնքման արդյունքում կողմերի ավիափոխադրողների միջև ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ, ինչի նպատակով իրականացվել է իրավական դաշտի մոտարկում (անցումային դրույթների պահպանման հնարավորությամբ):
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի՝ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։
Համաձայնագրի վավերացմամբ և ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ։