08/09/2022 17:54
Ֆուրունկուլոզ․ Հիվանդության ախտանշաններն ու կանխարգելումը
Ֆուրունկուլոզը մաշկի թարախաբշտիկային հիվանդություն է, որի ժամանակ մաշկի վրա բազմաթիվ չիբաններ են առաջանում:
Այն կարող է լինել տեղային կամ տարածուն․ դրան կարող են նպաստել մաշկի քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիայի ուժեղացումը, վիտամինային անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, օրգանիզմի ցածր դիմադրողականությունը:
Ֆուրունկուլոզը առաջանում է նաև հետևյալ դեպքերում`
ստամոքսաբորբի և հաստ աղիքի բորբոքման,
երիկամաբորբի և խիստ ցրտահարության,
ջերմահարության, ֆիզիկական երկարատև հոգնածության,
ֆուրունկուլի սխալ բուժման և այլն:
Ֆուրունկուլոզն ընթանում է սուր և քրոնիկական ձևով։
Եզակի ֆուրունկուլը կարող է առաջանալ մաշկի մազածածկ մասի ցանկացած հատվածում: Սակայն առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս պարանոցի, դեմքի և գոտկատեղի վրա: Ֆուրունկուլի առաջացումը սկսվում է ալ կարմիր 0.5-2 սմ տրամագծով ցավոտ, պինդ հանգույցի ի հայտ գալով, որը կոնաձև բարձրանում է մաշկի վրա: 3-4 օրը հանգույցի կենտրոնում գոյանում է թարախային գլխիկ:
Ընթացքում ֆուրունկուլը պատռվում է, տեղում երևում է դեղնավուն, մեռուկացած հյուսվածք` ֆուրունկուլի միջուկը, որը հետագայում թարախի ու արյան հետ դուրս է գալիս: Առաջանում է հատիկավոր հյուսվածք, որը 2-3 օր անց սկսում է ապաքինվել սպիանալով:
Չբարդացած ֆուրունկուլի ընթացքը տևում է 8-10 օր: Որպես կանոն, դեմքի նույնիսկ փոքր ֆուրունկուլը ուղեկցվում է առաջադիմող տեղային բորբոքմամբ, այտուցով և ընդհանուր ծանր ընթացքով: Այդպիսի դեպքերում արյան վարակման պատճառով ելքը կարող է մահացու լինել: Սուր ֆուրունկուլի ժամանակ ֆուրունկուլներն առաջանում են միաժամանակ կամ կարճ ժամանակամիջոցում, որը հաճախ ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացմամբ:
Երևույթը տևում է մի քանի շաբաթ, առավելագույնը` 1-2 ամիս: Նոր ֆուրունկուլներ հազվադեպ են առաջանում, դրանց չափերը փոքր են, չեն խորանում և արագ անհետանում են: Քրոնիկական ֆուրունկուլոզի ժամանակ ամիսների ընթացքում ի հայտ են գալիս ոչ մեծ քանակությամբ մանր ֆուրունկուլներ, որոնք օրգանիզմի դիմադրողականության անկման հետևանքով ավելի են ձգձգվում:
Ֆուրունկուլոզը բուժվում է բժիշկի անմիջական հսկողությամբ: Չի թույլատրվում ինքնուրույն սեղմել, ծակել կամ կտրել ֆուրունկուլի գլխիկը, քանզի դա կարող է ավելի բարդացնել հիվանդության ընթացքը:
Ֆուրունկուլոզի դեպքում արգելվում է լողանալ: Միայն բժշկի խորհրդով կարելի է լոգանք կամ ցնցուղ ընդունել: Ֆուրունկուլի շուրջ առողջ մաշկը հարկավոր է մաքրել սալիցիլային սպիրտով: Պետք է սահմանափակել ածխաջրերի օգտագործումը և բացառել կծու կերակրատեսակները: Ցանկալի է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ։ Ֆուրունկուլոզի ժամանակ պարտադիր է դրա առաջացմանը նպաստող հիմնական հիվանդությունների բուժումը:
Ֆուրունկուլոզի կանխարգելումը ենթադրում է անձնական հիգիենայի կանոնների պահպանում, մաշկի մշտական խնամք, մանր վնասվածքների ժամանակին մշակում: Էական դեր է կատարում նաև օրգանիզմի կոփումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։