08/09/2022 12:45
Ադրբեջանցիների դեմ միայնակ պայքարող հայ զինվորականին նույնականացնելու մասով ՊՆ-ն աշխատանքներ է սկսել
Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը միայնակ պայքարում ադրբեջանցի զինվորականների դեմ: 24News-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն անձի նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ է սկսել իրականացնել:
«Աշխատանքներն իրականում դժվար են, հաշվի առնելով տեսանյութի որակը՝ մեծ բարդություններ կան, բայց, ամեն դեպքում, այդ ուղղությամբ ջանք չի խնայվում, որ պարզվի: Հասարակության մեջ բավական մեծ քննարկում կա և կոչ է արվում՝ եթե մեկը տեղեկություն ունի անձի վերաբերյալ, փոխանցի նախարարությանը, մենք էլ մեր ուղղությամբ ենք աշխատում», - ավելացրել է նա:
Հարցին, թե տեսանյութը ավելի վաղ է հրապարակված եղել ադրբեջանցիների կողմից, ինչո՞ւ այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը տեսանյութը ուշադրության չի արժանացրել անձի նույնականացումը ճշտելու համար՝ Արամ Թորոսյանը պատասխանել է, որ հնարավոր է՝ տեսանյութն ավելի վաղ տարածված լինի, բայց պատերազմական և հետպատերազմական շրջանում ադրբեջանցիները շատ տեղեկություններ փակ էին պահում, արգելափակել էին, ՀՀ-ից չէին կարողանում մուտք գործել իրենց որոշ ալիքներ, հնարավոր է, որ չկարողանային տեսնել տեսանյութը, և իրենց ուշադրությունից վրիպել է:
Տեսանյութը հրապարակվել էր 2021 թվականին ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկով: