08/09/2022 16:02
2018-ին մենք էյֆորիայի պայմաններում եկանք իշխանության․ Փաշինյան
Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իշխանության մնալ-չմնալու խնդրին։
«Չենք թողել, հեռացել՝ մի պարզ պատճառով․ ասել ենք, ո ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող շպրտել մի կողմ, թողնել, գնալ։ Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կտանենք, հետ կտանք ժողովրդին, ժողովուրդը թող որոշի՝ ինքը ում է տալիս։ Ում կտա, իր որոշումը մեզ համար քննարկման ենթակա չէ»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ 2018 թվականին իրենք էյֆորիայի արդյունքում են եկել իշխանության, և հիմա իրենց վիճակը «ավելի բարդ է»։
«Իշխանության վիճակը ավելի բարդ է։ Գիտե՞ք՝ ինչու․որովհետև 2018-ին մենք էյֆորիայի պայմաններում եկանք իշխանության․ էյֆորիայի պայմաններում։ Եվ մենք բախվեցինք դաժան իրականության հետ։ Բայց հիմա մենք պետք է ինքներս մեր աշխարհընկալման հետ կապված հետևություններ անենք։ Պետք է չվախենանք նաև որոշումներ կայացնել․ ծանր որոշումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ որոշումները պետք է «մեզ առաջ տանեն, նույն կետում մնալ չկա»։