08/09/2022 16:16
Ադրբեջանի նախագահն ինքն էր ասում՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը․ սրանից ավելի վառ ապացույց կա՞, որ անկախության ճանաչման շանս եղել է․ Արա Այվազյան
Արցախի անկախության ճանաչման շանս եղել է, ի՞նչ ինքնախաբեության մասին է խոսքը, MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ հակադարձելով իշխանությունների կողմից ակտիվ շրջանառության մեջ դրված՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել , պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել»:
«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով ՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միտված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակն այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է՝ որոշ չափով ընդունել էր դրանք»,-ասել է Արա Այվազյանը։
ԱԳ նախկին նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:
«Այնպես որ, այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որ բանակցային գործընթացը չտապալվի։ Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով։ Եթե հայկական դիվանագիտության ընթացքում նույն Ադրբեջանը, միջազգային հանրությունն ընդունեցին, որ բանակցային սկզբունքների շրջանակում կա նաև ինքնորշման իրավունքի ճանաչման խնդիրը, ուրեմն մենք բավական առաջ էինք գնացել: Դրա հնարավրությունը կար ու, նորից ցանկանում եմ հիշեցնել, Ադրբեջանի նախագահն ասում էր ՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ խաբեություն չի եղել, կա՞»,-ասել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում