08/09/2022 18:50
Արցախի անկախության ճանաչումը բարդ է, սակայն անհնար չէ․ 2016-ին Ալիևն էր ասում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը․ Դավիթ Բաբայան
Իշխանությունների կողմից ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել , պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել»:
«Եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այս հայտարարությանը։
Արսեն Թորոսյանն ասել էր նաև, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։
Դավիթ Բաբայանը նշել է, որ պետք է տարանջատել զգացմունքները և ռեալ քաղաքականությունը, ու այս ամենը դիտարկել ժամանակի մեջ:
Նա հիշեցրել է՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունն աշխարհի բարդագույն հակամարտություններից մեկն է, իր բարդությամբ երևի թե հավասար է միմիայն իսրայելապաղեստինյան հակամարտությանը:
Բաբայանի խոսքով, Արցախյան հիմնախնդիրն ընդհանրապես երկու փուլ է ունեցել կամ երկու հարթություն:
«Առաջին փուլը եղել է վերամիավորման գաղափարը, այսինքն՝ երբ Ղարաբաղն առհասարակ բռնակցվել է Ադրբեջանին, մասնատվել է տարածքը, այսինքն՝ ԼՂԻՄ-ը ստեղծվել է միայն պատմական Ղարաբաղի մեկ վեցերորդ մասի վրա և ԼՂ-ի մեկ երրորդի, նույնիսկ մեկ չորրորդի վրա, մեծ մասը մնացել է ինքնավար մարզի տարածքից դուրս: Այնուհետև պարզ է դարձել, որ ուղիղ վերամիավորմամբ շատ բարդ է լինելու, որովհետև Ադրբեջանը հմտորեն օգտագործել է դա և ներկայացրել՝ որպես տարածքային վեճ, և այլն: Սա ավելի բարդ է եղել: Ուստի որդեգրվել է ազգերի ինքնորոշման գաղափարն՝ անկախ պետություն կառուցելու միջոցով: Այստեղ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը նախկին ԼՂԻՄ-ը չէ, դա նախկին ԼՂԻՄ գումարած Շահումյանի ու Գետաշենի շրջաններն էին, այդպես է եղել: Այդպիսով սկսվել է նոր փուլ, որն առ այսօր շարունակվում է:
Այսինքն՝ մենք պայքարում ենք Արցախի ինքնորոշման-ճանաչման ուղղությամբ, որովհետև ինքնորոշվել ենք բազմաթիվ անգամ՝ 1991 թվականին, երբ հռչակվել է Արցախի Հանրապետություն, և վերջերս նշում էինք 31-րդ տարեդարձը, այնուհետև՝ դեկտեմբերի 10-ի առաջին հանրաքվեն՝ 1991 թվականին, դրանից հետո սահմանադրական, և այլն»,- պատմական կարճ ակնարկ է արել Բաբայանը:
Այնուհետև նա նշել է, որ ճանաչման գործընթացը, իհարկե, շատ բարդ է ու կախված աշխարհաքաղաքական միտումներից, որտեղ, դժբախտաբար, իրավական ու բարոյական նորմեր գոյություն ունեն, բայց իրենց տեղը զիջում են աշխարհաքաղաքական միտումներին:
«Դա է պատճառը, որ որոշ տեղերում ավելի հեշտ են ճանաչում ստացել՝անկախ այն հանգամանքից՝ արժանի՞ են, թե՞ ոչ, առա՞ջ են անցել մեզնից, թե՞ ոչ: Հարցը դրա մեջ չէ, յուրաքանչյուր հակամարտություն իր յուրահատկությունն ունի, և մենք իրավունք չունենք համեմատել՝ ասել, թե մենք ավելի լավն ենք, այլք՝ վատն են: Ոչ, բոլորն էլ ունեն միևնույն իրավունքները:
Հետևաբար՝ բարդ է, սակայն գործընթացը շարունակվում է, և ես չեմ կարծում, որ հնարավոր չէ: Շատ բարդ է, բայց դա ամենևին չի նշանակում, թե հնարավոր չէ: Ո՞վ է իմանում, թե վաղն ինչ կլինի, ինչպես կփոխվի աշխարհը: Շատ բան կախված է մեր ճիշտ աշխատանքից, սա ևս չպետք է մոռանանք: Կամ, ասենք թե՝ ճանաչումը բարդ է, ու մենք դեռևս չենք հասել մեր վերջնանպատակին, և՞… հարցի էությունը դա չէ, մեզ համար կարևորն Արցախի փրկությունն է, դե ֆակտո փրկությունը:
Երբ առաջին, երկրորդ պատերազմներում մենք հաղթել ենք՝ ջախջախելով թշնամուն, մենք կարողացել ենք փրկել Արցախն Ադրբեջանի կողմից ոչնչացումից։ Հետո՞ ինչ, որ բարդ է ճանաչումը: Ինքը՝ Ալիևն էր 2016 թվականին ասում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը, այսինքն՝ խնդիրը նրանում է, որ պետք է տարանջատենք ճանաչման գործընթացը և դե ֆակտո անջատված ապրելու կարևորությունը, Արցախի լինելիությունը՝ որպես այդպիսին»,- մեկնաբանել է Դավիթ Բաբայանը՝ կրկնելով, որ գործընթացը երկար է, բարդ է, ոչ թե անհնարին:
Խնդիրը, ըստ նրա, նաև այն է, որ պետք է հետամուտ լինել դրան:
«Տարբեր ազգեր գնում են այդ պայքարով, և ամենակարևորն այն է, որ դե ֆակտո մենք լինենք ապահով: Իսկ ճանաչումը ժամանակի խնդիր է ու մեծ աշխատանքի արդյունք»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում