08/09/2022 09:46
«Հրապարակ». Արցախում ստեղծված նոր շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։ Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» և կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որևէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաև կուսակցականներ։
Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, ով ակտիվ ներգրավված է շարժումն ընդլայնելու աշխատանքներում։ Նրանք համայնքներում ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մարդկանց հետ, շեշտում, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միասնականություն, ու պետք է համախմբվել ոչ թե քաղաքական ուժերի, անհատների շուրջ, այլ գաղափարի՝ ինչպես 1988-ին էր։ Շարժման օրակարգում չկա իշխանափոխության ծրագիր, այլ համաժողովրդական ցասման միջոցով փորձելու են ազդել իշխանությունների որոշումների վրա»։