08/09/2022 15:55
«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» նոր ցուցադրությամբ վերաբացվել է Պատմության թանգարանը
Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։
Այս կապակցությամբ թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Պատմության թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ թեև այս ընթացքում իրականացվել են կրթական ծրագրեր և առանձին ցուցադրություններ, սակայն թանգարանի մշտական ցուցադրության մեկնարկը նոր է տրվում՝ որպես հանրապետության կարևոր մշակութային իրադարձություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ վերաբացումը մշտապես եղել է նախարարության կարևոր իրադարձությունների շարքում՝ օր առաջ իրականացնելու առումով:
«Բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, թեև անելիքներ դեռ շատ կան: Թանգարաններն արդիականացնելը, նորարարություններ ներմուծելը մեր տեսլականն է: Եվ պետությունը պատրաստ է հնարավոր ռեսուրսների ներդրմամբ ունենալ ժամանակակից պատշաճ ցուցասրահներ՝ ներկայանալու թե՛ հայ, թե՛ օտարերկրյա այցելուներին»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Հայաստանի պատմության թանգարանում ընթանում էին վերանորոգման, մասնավորապես թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:
Առաջին անգամ բացվող «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահում ներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ։