10/09/2022 12:59
Արտակ Բեգլարյանը գիտամեթոդական խորհրդի հետ քննարկել է դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագիծը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով:
Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները:
Արտակ Բեգլարյանը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ու Հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը:
Ըստ այդմ, նա շեշտադրել է Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ:
Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ: