10/09/2022 09:43
«Ժողովուրդ». Շատ թալանչիներ Նիկոլի օրոք շարունակում են իրենց գործը ու մնում ազատության մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2018-ից հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, այսօր պարզվում է, որ նույնիսկ այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել են այնտեղ, որտեղ պետք է հասնեին: Իսկ ինչո՞ւ սա պետք է ներենք ինչ-որ մեկին, ինչ «պագոն» ուզում է՝ լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին. չկա ներում այդ մարդկանց», - սեպտեմբերի 8-ին՝ Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, նմանատիպ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հավելել է, որ բանակից ինչ-որ մի բան գողացած ցանկացած մեկին իր անձնական թշնամին է համարելու: «Մինչև կյանքիս վերջ հետապնդելու եմ բոլոր հնարավոր օրինական միջոցներով: Բոլորը համաձայնել են այս պայմանին, դե թող հիմա չնեղանան, չբղավեն», - ավելացրել է մեր երկրի փաստացի ղեկավարը:
Փաշինյանի այս հայտարարությունն ասես 2018-ի օգոստոսի 18-ին «թալանը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու» սերիալի երկրորդ սերիան լինի, որտեղ սերիալի բոլոր չար կերպարները հերթով, կարգով, շարքով պատասխան են տալու: Հայաստանի դեպքում, սակայն, պատասխանատվության ժամն այդպես էլ չի գալիս: Իհարկե, որևէ մեկը չի հերքում, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ բանակից ու պետական կառավարման այլ ոլորտներից շատերն առատորեն օգտվել, թալանել ու գումարներ են լվացել, բայց մինչև օրս որևէ մեկը հասցեական, կոնկրետ դատավճռով պատասխանատվության չի կանչվել, «կոպեկ առ կոպեկ» հետ չի տվել: Իրավապահ մարմինները մեկումեջ ու պարբերաբար ինչ-ինչ դեպքեր, իհարկե, բացահայտում են կամ փորձում են բացահայտել, բայց դա այդպես էլ համալիր գործընթացի չի վերածվում:
Համադրելով ՀՀ վարչապետի՝ նախկինում արած նմանատիպ հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ նա Վլադիվոստոկի հայ համայնքին հերթական անգամ խաբել է՝ վստահեցնելով, թե զինվորականների թալանածը հետ է բերելու: Շատ թալանչիներ Նիկոլի օրոք շարունակում են իրենց գործը ու մնում ազատության մեջ փաստացի»։