10/09/2022 18:45
Հայտնի են Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցության առաջին արդյունքները
Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականից պայքարն սկսել են 55 կգ քաշային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Մալխասի Ամոյանը մեկնարկային գոտեմարտում հավասար միավորներով զիջել է հունգարացի մրցակցին՝ վայր դնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ռուդիկ Մկրտչյանը հաշված վայրկյանների ընթացքում 8:0 հաշվով պարտության է մատնել կորեացի մրցակցին։ Հաջորդ փուլում Մկրտչյանը 0:9 հաշվով պարտվել է Ուզբեկստանը ներկայացնող Յասուրբեկ Օրտիկբոեւին։ Վերջինս դուրս է մնացել քառորդ եզրափակիչ փուլից, և Ռուդիկ Մկրտչյանը նույնպես զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարից:
Վաղը մրցագորգ կելնեն մեր 4 ըմբիշները, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: