12/09/2022 13:01
Մենք մշտապես սպասում ենք, որ որևիցե սադրանք կարող է լինել Ադրբեջանի կողմից. Ալեն Սիմոնյան
Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեր քաղաքացիներն ու մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ ու ունենալով ուժեղ բանակ: Մենք բանակի ուղղությամբ առաջ ենք գնալու: Ես կարող եմ ասել, որ Սուրեն Պապիկյանը բավական հաջող կատարում է իր աշխատանքը», - ասաց նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է զորավարժությունների Թուրքիայի հետ:
«Մեր ընկալումը՝ մշտապես ուշի-ուշով հետևել ու ամեն րոպե պատրաստ լինել որևիցե զարգացման: Թող որևիցե մեկի մոտ տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, թե բոլոր հարցերը լուծված են: Մենք մշտապես սպասում ենք, որ որևիցե սադրանք կարող է լինել Ադրբեջանի կողմից», - հայտարարեց Սիմոնյանը:
Նա չտվեց գնահատական՝ որքանո՞վ է հավանական պատերազմի վտանգը:
«Իրենք բոլոր հնարավոր տեղերով փորձելու են ճնշումներ գործադրել, մենք էլ հնարավոր բոլոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխելու ենք ու Հայաստանի և Արցախի շահերը առաջ ենք տանելու», - նշեց Սիմոնյանը: