13/09/2022 11:32
«Անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության հետևանքով է երկիրը հասցրել այս իրավիճակին». ընդդիմությունը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին
«Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները, կա՛մ ներկայացնելու ենք այլ առաջարկության տեքստ, կա՛մ ԱԺ-ի կողմից ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է հստակ լինեն ամրագրված կետեր՝ ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Շուտով կներկայացնենք մեր հայտարարույթան տեքստը», - ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իշխանության ներկայացրած տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես։
«Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր պետք է ներառվեն, որպեսզի հայտարարույթունը լինի ամբողջական», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե ԱԺ նիստին չեն մասնակցելու։
«Այս ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության հետևանքով է երկիրը բերել, հասցրել այս իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե կներկայացնեն իրենց առաջարկությունները, կլսեն իշխանական պատգամավորների դիրքորոշում, դրանից հետո կորոշեն հետագա քայլերը։