13/09/2022 12:00
Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայով ու դելիմիտացիայով խնդիրներ բարձրացնել. սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով ու ավարտում Երևանով. Փաշինյան
Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների ու Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական ԶՈՒ-ի գործողությունների՝ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե վերջին օրերին ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկատվություն էր տարածում, իբր, ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, ՊՆ-ն էլ հերքում էր այդ ամենը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև հայկական կողմի ներկայացրած սկզբունքների հիման վրա։
«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ, առնվազն, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է ու իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։
Նա հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերմամբ, ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ։
«Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով ու ավարտում են Երևանով։ Եթե սրանք լինեին պարզապես հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից», - ասաց նա։