13/09/2022 17:40
Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ
Իրավիճակը մարզում լարված է։ Սոթքի, Վերին Շորժայի ու Աղբրաձորի հատվածում ինտեսիվ մարտեր են, «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»:
«Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40 րոպե եղել է, որ կրակոցներ չեն հնչել, այնուհետև նորից սկսվել են կրակոցները ու մինչև այս պահը շարունակվում են», - նշել է նա:
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տվյալներ Կարեն Սարգսյանը չուներ, նշել է, որ վիրավորներ կան զինված ուժերի կազմում, նրանք տեղափոխվել են Մարտունիի ԲԿ, ապա Երևան:
«Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` մոտավորապես 43 հոգի: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք», - ասել է Կարեն Սարգսյանը: